Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ -Անցյալ դարի 70-ական թվականները հեռուստատեսության, մասնավորապես հեռուստաթատրոնի ոսկեդարն էին։ Ամեն երկուշաբթի որևէ պրեմիերա էր, և այդ ներկայացումներում զբաղված էին լավագույն դերասանները տարբեր թատրոններից։ Արծրուն Մանուկյանը հեռուստաներկայացումներին շատ հաճախ էր մասնակցում։ Նրան հեռուստադիտողը սիրում էր, նրան սիրում էին հեռուստառեժիսորները։
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ (ՀՀ ժողովրդական արտիստ)- 1953 թիվ, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ (այն ժամանակ այդպես էր կոչվում մեր alma mater-ը), Վարդան Աճեմյանի դերասանական բաժին և Արծրուն Մանուկյանի հետ ծանոթությունը։ Մեր կուրսից չորսը շուտ գնացին՝ Բորիս Ղազիյան, Նորայր Սարգսյան, Ջուլիետ Սարիբեկյան և Արծրուն Մանուկյան։ Կարծում եմ, Աստված նրանց պատժեց տանելով, մեզ էլ պատժեց ապրելով։ Ինչու՞։ Որովհետև հիշողություններ ունենք, որոնք փաստորեն ինձ հանգիստ չեն տալիս։ Արծրունի հետ՝ թատերական ինստիտուտ, Արծրունի հետ՝ անմիջապես Ղափանի Շիրվանզադեի անվան նորաստեղծ պետական թատրոն, Արծրունի հետ՝ Երևան, Սունդուկյանի անվան թատրոն։ Գեղեցիկ խոսքերի համար չէ, որ ուզում եմ ասել, բայց կարգին մարդ էր, անթույլատրելիության աստիճանի կարգին մարդ էր։ Եվ մի անգամ ևս համոզվում ենք, որ միայն կարգին մարդը կարող է կարգին արվեստ ստեղծել։ Ես գոնե մի սրիկայի չգիտեմ, որ մեծ արվեստագետ լինի։ Հրաշալի անձնավորություն և հրաշալի դերասան։ Նրա խաղացած դերերը և թատերական ինստիտուտում, և՛ Ղափանի թատրոնում, և՛ Սունդուկյանի թատրոնում, հեռուստաթատրոնում... Հեռուստաէկրանը ողողված էր Արծրուն Մանուկյանով...
ՎՐԵԺ ՀԱԿՈԲՅԱՆ (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ) -Մենք երկար ճանապարհ ենք անցել Արծրունի հետ դեռ Զեյթունի թատերական խմբում, Իշխան Ղարիբյանի խմբում, Թագուհի Հակոբյանի խմբում։ Ավարտելուց հետո Արծրունը գնաց Ղափանի թատրոն, խաղաց շատ դերեր, հետո հրավիրվեց Սունդուկյանի թատրոն։ Մենք շատ մտերմիկ ընկերներ էինք, մի գրիմանոցի։ Նա ամեն ինչով զանազանվում էր մեզնից։ Մեր գրիմանոցի տղաներն էին Շահում Ղազարյանը, Արծրունը, Յուրա Ամիրյանը, դարձյալ հանգուցյալ Սուրեն Ավետիսյանը, դարձյալ հանգուցյալ...
Գ. Ղ. -Ամեն անգամ, երբ ես հանդիպում էի Արծրուն Մանուկյանին, հիշում էի Չեխովի խոսքերը. «Մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ պետք է լինի՝ և՛ դեմքը, և՛ զգեստը, և՛ հոգին, և՛ մտքերը»։
Ե. Ղ. -Արտակարգ գեղեցիկ մարդ էր։ Այն ժամանակ շատ էին կապույտ աչքերը։ Կապույտ աչքեր, սպիտակ մազեր։ Շատ գեղեցիկ էր Արծրունը՝ հրաշալի ձայն, կեցվածք, կիրթ, ինտելիգենտ։
Վ. Հ. -Արծրունը շատ էր տարբերվում մեզնից՝ ամեն ինչով։ Հագուստով-կապուստով, մաքրությամբ, մարդկությամբ, կարգապահությամբ։ Ահավոր աշխատասեր էր։ Նա իր օրվա ծրագիրն ուներ և ոչ մի տեղից չէր ուշանում։ Ոչ մի տեղ Արծրունի մասին չեն կարող ասել, որ դիտողության է արժանացել։ Պատրաստ էր գնում ամեն տեղ, կարդացած, դերը սովորած։ Մի խոսքով՝ նա օրինակ էր բոլորիս համար։
ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ (դուստրը) -Շատ աշխատասեր էր։ Եթե տվյալ պահին որևէ գործողություն չէր անում, ինքը մտածում էր, նրա միտքը միշտ աշխատում էր։ Էդպես սովորեցնում էր նաև մեզ՝ ազնվություն, աշխատասիրություն։ Աշխատում էր շատ. 8.30-ին տնից դուրս էր գալիս և կարող էր գալ գիշերը 3-ին։ Ռադիո, հեռուստատեսություն, թատրոն, կինոստուդիա։ Համատեղում էր, աշխատում էր, չնայած վատառողջ էր։ Չէինք ուզում, որ այդքան աշխատեր, բայց իր պարտքն էր համարում մինչև վերջին շունչը ծառայել ընտանիքին։ Նա ծառայում էր ընտանիքին, երեխաներին, կնոջը... Ինքը պարտավորված էր զգում։ Պարտավորությունները մեր հանդեպ շատ մեծ էին, աշխատում էր կատարել իր բոլոր պարտականությունները։
Գ. Ղ. -Արծրուն Մանուկյանը ճանաչված դերասան էր և այդ ճանաչումը բերեցին ոչ միայն Սունդուկյանի անվան թատրոնում նրա խաղացած դերերը, այլև հեռուստաներկայացումները, մասնավորապես Արտաշես Քալանթարյանի գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային կատակները։ Այդ հաղորդաշարը վարում էր Արծրուն Մանուկյանը, վարում էր իր անզուգական խաղընկերուհի Դոնարա Մկրտչյանի հետ։
Վ. Հ. -Էկրանի զարդն էր մի ժամանակ Դոնարայի հետ։ Ժողովուրդը սպասում էր նրան տեսնելու համար, և շատ շատ էր ճանաչված։ Քաղաքում շատ շուտ ճանաչվեց Արծրունը, բայց նա երբեք այդ բանը չէր օգտագործում, երբեք, ինչպես ժողովուրդն է ասում, երես չառավ։ Չկար նման բան։ Բարոյական բարձր կարգի ընկեր էր՝ և բարեկամ, և լավ դերասան։ Նա շատ առիթներ ունեցավ թատրոնի մեծերի հետ խաղալու։ Ավետ Ավետիսյանի հետ նա «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» ներկայացման մեջ էր խաղում, որը բեմադրել էր Մոսկվայից հրավիրված ռեժիսոր, և Արծրունը այդ դերում արտակարգ արտահայտիչ էր, համոզիչ, ճշմարտացի և շատ ազնիվ։ Այնքան ազնիվ էր, ինչքան մաքուր էին նրա աչքերը։
Կ. Մ. -Ես ակամայից դարձել էի իր գործընկերը, խաղընկերը։ Տեքստերը տուն էր բերում, պիտի անգիր աներ։ Մայրս աշխատում էր, եղբայրս փոքր էր, ես էլ պարապ չէի, սովորում էի համալսարանում ու ժամանակ չունեի, բայց ես իր խաղընկերն էի։ Վստահում էր։ Իր տեքստը անգիր սովորում էր, հետո ես պարտավոր էի ստուգել իրեն։ Ստուգում էի, ուղղում էի, նորից էր աշխատում տեքստի վրա։ Հետո սկսվում էր երկրորդ էտապը, ես դառնում էի իրեն ռեպլիկ տվողը։ Ինքն իր տեքստն էր ասում, ես ռեպլիկն էի տալիս, ի դեպ, պետք է ամբողջ պարբերությունը կամ նախադասությունը կարդայի, ոչ թե միայն վերջին բառերը։ Ես դառնում էի դերասան կամ դերասանուհի։ Երբ գնում էի ներկայացումը նայելու, արդեն անգիր գիտեի բոլորի տեքստերը։ Ինքն ինձ սարքեց դերասանուհի, հետո արգելեց դերասանուհի դառնալ։
Ե. Ղ. -Դժվար կյանքով ապրեց Արծրունը, հատկապես պատանեկության տարիներին։ Հայրը հայտնվեց դժվար պայմաններում, մայրը պառկած էր, անկողնային ծանր հիվանդ էր։ Ինչու եմ այս մասին ասում, որովհետև ուզում եմ այս առիթով մեր դասախոսներից մեկ-երկուսին հիշել։ Բնական է, մենք աշխատում էինք օգտակար լինել, որովհետև իրենից փոքր եղբայրներ էին տանը։ Ավա՜ղ, նրանցից շատերը այսօր չկան, եղբայրներն էլ չկան։ Հիշում եմ, երբ Վարդան Նիկիտիչը, մեր խմբի ղեկավարը, կանչեց ինձ ու ասաց. «Դրամ եք հավաքում Արծրունին օգնելու համար ու ինձ չեք ասու՞մ», և տվեց այն ժամանակվա համար հսկա մի գումար։ ՈՒ ես տվեցի Արծրունին։ Անցավ մի երկու օր, ինձ ասացին. «Քեզ կանչում է ռեկտորը»։ Ռեկտորը ակադեմիկոս, հայտնի քանդակագործ Արա Սարգսյանն էր, պայծառ մի երևույթ մեր մշակույթում։ Գնացի նրա մոտ. «Լսում եմ ձեզ, Արա Միհրանովիչ»։ «Ինձ բանի տեղ չես դնու՞մ, այ տղա»,- ասաց նա։ «Ի՞նչ է պատահել, Արա Միհրանովիչ»։
-Էդ ինչ-որ անում ես (բացեց սեղանի դարակը, գումար հանեց), սա էլ ավելացրու վրան։ Ես փորձեցի հաշվել, ասաց. «Կարիք չկա»։ Դուրս եկա և, այնուամենայնիվ, հաշվեցի։ Եվ ես սարսափեցի՝ քսան հատ հարյուրանոց էր։ Դա այն ժամանակվա համար հսկայական գումար էր։ Ես տվեցի Արծրունին։ Արծրունը ապշած էր. «Ո՞վ է տվել»։ Իսկ Արա Միհրանովիչը խնդրել էր չասեմ, ով է տվել։ ՈՒ չասացի, չնայած Արծրունը անընդհատ ուզում էր իմանալ, թե ով է։
-Ինչ կարևոր է,- ասացի,- խնդրել է, որ չասեմ։- Արա Միհրանովիչը շատ վաղ մահացավ։ Շատ սիրված մարդ էր։ Թաղման ժամանակ մենք կանգնած էինք դիակից մի քիչ հեռու։ Վերջին հրաժեշտն էր։ Ասացի՝ Արծրուն, հիշու՞մ ես էն փողերը։
-Հա, հիշում եմ...
-Արա Միհրանովիչն էր տվել։
Միայն այդ ժամանակ ասացի։
Ես սա ինչու եմ ասում. ցավով եմ հիշում, որ հիմա պակասեցին այդ տեսակ մարդիկ, որոնցից ծնվել էինք մենք, որոնցից ծնվել էր Արծրունի պես մարդը։
Վ. Հ. -70-ական թվականներն էին, ես ակտիվ գործունեություն էի ծավալել տոնածառային ներկայացումների ժամանակ ձմեռվա ամիսներին՝ դեկտեմբեր-հունվար, և մի տարի ասացի. «Արծրուն, կգա՞ս հետս, ձմեռ պապի խաղաս»։
-Բա դու ի՞նչ ես խաղալու։
-Ես ամբողջ հանդեսն եմ վարում ծաղրածուի զգեստով։ Արծրունը՝ շատ սիրուն, կապուտաչյա իսկական ձմեռ պապի էր և մեծ հաջողություն ուներ բոլոր հանդեսներին, որովհետև կիրթ էր խոսում, հանելուկներ սովորեց։
Մեծ գործ էր. 13 օր սեանսներով հանդես պետք է գայինք տպագրիչների տանը, ակումբ կար այդտեղ։
Մեզ առաջարկեցին դեկտեմբերի փողը տալ, բայց մենք ասացինք՝ կստանանք վերջում միանգամից մեծ գումար։ Հունվարի 9-ին հաշվարկ արեցին, 10-ին վերջին սեանսն էր, փողը ստացանք և շտապեցինք ռուսական թատրոն, որտեղ «Քաոսը» պետք է խաղայինք։ Թատրոնում հագանք ֆրակները և իջանք բեմ, կանգնեցինք դռան մոտ, ես մի կողմում, Արծրունը մյուս։ Միզանսցենը այդպես էր դրված։ Եվ դռնից մտնում էր Խաժակյանը ու ասում. «Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր»։ Մեկ էլ Արծրունը ինձ նայեց ու աչքերով դեպի վերև ցույց տվեց։ Փողերը թողել էինք մեր շալվարներում։ Վազեցինք միանգամից, էդպես անգամ կինոներում չէր կարող լինել, այդպիսի արագություն։ Գնացինք, փողերը վերցրինք, դրեցինք ֆրակի գրպանները ու նորից վազելով եկանք, կանգնեցինք մեր տեղը։ Աճեմյանը օթյակից նայելիս է եղել։ Անհայտացանք և երկու վայրկյան հետո հայտնվեցինք։
-Էս ինչ հիմարություններ են, ու՞ր էիք գնացել,- հարցրեց Աճեմյանը։
-Վարդան Նիկիտիչ, հետո կբացատրենք։
Ես ասացի՝ Վարդան Նիկիտիչ, փող էինք աշխատել, գումարը վերևում էինք թողել, 13 օրվա մեր քրտինքը վախեցանք գողանան...
-Բա ներկայացու՞մը...
-Դրա համար պատժեք...
-Չեմ պատժում, եթե փողի խնդիր է։
Հանեցինք ցույց տվինք։ Զարմացավ՝ էսքան գումար։ Մեր հինգ-վեց ամսվա աշխատավարձն էր։
Ե. Ղ. -Մենք արդեն Ղափանում էինք, երկրորդ տարին էր, որ Արծրունը ամուսնացավ ու տիկնոջ հետ եկավ։ Մերին ընդունվեց թատրոն, նա օպերայի երգչախմբից էր։ Շատ համեստ, խելոք, իսկական տանտիկին էր։ Դե, Արծրունն էլ չափված-ձևված մարդ էր, իսկական ընտանիքի մարդ։ Ղափանում կարծեմ աղջկան ունեցան, աղջիկը էդ ժամանակ ծնվեց, Վարուժը՝ ավելի ուշ։ Երբ Երևան եկանք, կապը պահպանվում էր։ Իմ մեջ Մերին մնացել է որպես համեստ, լուռ՝ ինքը, իր ամուսինը, իր երեխաները, իր ընտանիքը։ Թատրոնում էլ իր չափով, իր փոքր դերերով մասնակցեց, բեմ դուրս եկավ։ Մերին խաղաղություն էր բերում շրջապատին, հանգստություն, երևում էր, որ առանձնապես պահանջներ չունի իր ամուսնուց, կյանքից։ Բավարարվում էր քչով։ Եվ շատ ափսոս, որ նա էլ շուտ գնաց։
Կ. Մ. -Ընտանիքում տիրում էր փոխադարձ հարգանք, սեր, համերաշխություն։ Շատ բան սովորել եմ ծնողներիս հարաբերությունից։ Մայրս շատ ազնիվ, բարեկիրթ, շատ համեստ մի կին էր, որն ավելի շատ զբաղված էր ընտանեկան հոգսերով։ Ճիշտ է, աշխատում էր, երգչուհի էր։ Աշխատում էր Պարոնյանի անվան թատրոնում՝ երգչախմբում։ Երգչուհի էր, բայց ավելի շատ իրեն նվիրել էր ընտանիքին, երեխաներին։ Հայրս ավելի դրսի մարդ էր, այսինքն աշխատող, տուն բերող։ Բայց դա չէր խանգարում, որ մեր դաստիարակությամբ ավելի շատ զբաղվի հայրս։ Էդ պարտականությունը վերցրել էր իր վրա, ուզում էր լավ մարդ դաստիարակել, իր երեխաների մեջ տեսնել այն, ինչը կար իր մեջ, ինչ իրեն սովորեցրել էր կյանքը, ինչպիսին որ կուզեր լինեին իր երեխաները հետագայում։ Սովորում էինք հորիցս ամեն րոպե։ Չէր նստում սովորեցնում, թե ինչպես պետք է ապրել, ինչ անել տվյալ պարագայում։ Մենք սովորում էինք նրա շարժուձևից, նրա խոսելուց, նրա վերաբերմունքից, ապրելակերպից։ Մենք նրանից ամեն ինչ քաղում էինք։
Մեծացել ենք արվեստագետի ընտանիքում, բնական է, կապված ենք արվեստի հետ։ Ես չէի ասի, որ միայն թատրոնի հետ կապեց մեզ հայրս, նա բազմակողմանի զարգացած մարդ էր։ Նա միայն թատրոնով չէր ապրում, սիրում էր երաժշտությունը, կինոն, գրականությունը։ Ընթերցասեր դարձանք նրա շնորհիվ, որովհետև ինքը կարդում էր ամեն րոպե, ամեն վայրկյան։ Եթե պարապ ժամանակ էր ունենում, իր ձեռքին գիրք էր։ Միշտ նոր գրքով էր տուն մտնում։ Իր ծանոթները զանգ էին տալիս գրախանութից ու ասում էին, որ նոր գիրք է լույս տեսել։ Մեր տունը մեծ գրադարան է։ Կարդում էր անընդմեջ, ու մենք ընթերցանության ժամեր ունեինք. եթե ինքը կարդում էր, մենք էլ պիտի կարդայինք։ Էդպես մեր մեջ ծնվեց սերը դեպի գրականությունը։
ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ (որդին) -Թավջութակ ես չէի սիրում, իսկ հայրս շատ էր սիրում, խելագարվում էր այդ գործիքի համար, որովհետև դասական երաժշտություն շատ էր սիրում ու մեր մեջ էլ էր սերմանում այդ սերը։ ՈՒ մենք ունեինք ժամեր, որ պետք է դասական երաժշտություն լսեինք։ ՈՒ փառք ու պատիվ իրեն, որ մենք այսօր սիրում ենք դասական երաժշտությունը։ Գալիս էր աշխատանքից, պառկում էր, հանգստանում էր, ինձ էլ ասում էր՝ սկսիր նվագել։ Նվագելու ժամանակ լարվում էի ու լեզուս դուրս էր գալիս։ Նա նայում էր ինձ վրա, սկսում էր ծիծաղել ու անընդհատ ասում էր. «Սխալ ես նվագում, նորից սկսիր»։ Մոտ ժամ ու կես նվագում էի, արդեն սկսում էի լաց լինել, ասում էի. «պապ, ավարտեմ, հա՞...»։ Իսկ նա շատ խիստ էր այդ պահին։
Թավջութակը չէի սիրում, շատ մեծ էր և երբ մտնում էի ավտոբուս, շատ անհարմար էր, ես էլ կարմրում էի։ Պատահում էր, որ քույրս էր տանում ինձ դասի, տալիս էի իրեն։
Կ. Մ. -Ինքը շատ սիրում էր երգել։ Տարիներ առաջ, երբ գնացել էին հյուրախաղերի Ղարաբաղ, այնտեղից վերադարձավ հարուստ տպավորություններով։ Պատմում էր բնության մասին, ժողովրդի մասին, հյուրասիրության մասին, հյուրընկալության։ «Ղարաբաղի հորովելը», որ հիմա մենք հաճախ ենք լսում, ես առաջին անգամ լսեցի հորիցս։ Էնտեղ երգել էին այդ երգը, ինքը շատ սիրել էր, խնդրել էր, որ գրեն, բերել էր տուն այդ տեքստը ու սովորեց անգիր։ Հետո մինչև կյանքի վերջը չկար մի խնջույք, որ վերջում պապան չերգեր այդ երգը։ 30 տարի առաջ եմ լսել այդ երգը։
Ե. Ղ. -Մենք չհասցրինք Արծրունին գոնե վաստակավոր արտիստի կոչում տալ։ Այդքան ծառայություններ՝ Ղափանի թատրոն, Սունդուկյան թատրոն, հեռուստատեսություն, ռադիո, կինոյում կրկնօրինակումներ։ Շատ մեծ են ծառայությունները Արծրունի այդքան կարճ կյանքի համար, շատ մեծ են։
Գ. Ղ. -Այսօր, երբ մենք ասում ենք՝ Արծրուն Մանուկյանը չկա, ինչ-որ մի տեղ սխալ է, որովհետև մեծանում է Արծրուն Մանուկյանը՝ թոռը, նրա շարունակությունը։
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ